AM
21 Մարտ 2013 - 10:26 AMT

Շիրակ Թորոսյան. Ջավախքում վերացվել են բռնություններն ու մարդիկ կարողանում են քաղաքական հարցեր քննարկել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին այլևս արգելված չէ մուտք գործել Ջավախք: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է հենց ինքն ու նշել, որ Ջավախքում վերացվել են բռնություններն ու այնտեղ վախի մթնոլորտն այլևս գոյություն չունի, իսկ մարդիկ հանգիստ կարողանում են տարբեր քաղաքական հարցեր քննարկել:

«2012 թվականին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հաղթանակ տարավ Բիձինա Իվանիշվիլին, վրացահայությունը մեծ հույսեր կապեց այդ քաղաքական ուժի հետ, որովհետև այն մուտք գործեց Ջավախք և բարձրացրեց այնտեղ առկա հիմնախնդիրները», – ասել է Շիրակ Թորոսյանը:

Նա ընդգծել է քաղբանտարկյալների, այդ թվում` ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակումը: «Բ.Իվանիշվիլին` Երևան կատարած այցի ընթացքում վերահաստատեց վրացահայությանը տված խոստումները կյանքի կոչելու քաղաքական կամքը, ինչը ոգևորիչ հանգամանք է»,- ասել է պատգամավորը:

Նա անդրադարձել է նաև Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհելու նախաձեռնությանը, որն օրեր առաջ քննարկել է Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինը ու հիմնավորել, որ այդ քայլը կարևոր է ջավախահայության համար: Շիրակ Թորոսյանը նշել է, որ, սրան հակառակ, Վրաստանի նախկին իշխանություններն արել էին ամեն ինչ, որպեսզի ՏԻՄ-երում չհայտնվեն մարդիկ, որոնք կբարձրացնեին ազգային հարցեր, նաև հայոց լեզվի կարգավիճակի հարցը:

«Այսօր մենք տեսնում ենք, որ Սահակաշվիլիի ռեժիմը Ջավախքում հայերի դեմ գործողություններն իրականացնում էր թուրք-ադրբեջանական տանդեմին տուրք տալով»,- նշել է Թորոսյանն ու ավելացրել, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և լեզվի հետ կապված խնդիրները լուծումը հենց Վրաստանի շահերից է բխում: Ու Բիձինա Իվանիշվիլին ակնհայտորեն այդ փաստը հաշվի է առնում. նա խոսում է աբխազական երկաթգծի վերագործարկման մասին ու, որ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաքի-Կարս երկաթգծի շինարարությունն աննպատակահարմար է: