ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զուհրաբյանը կարծում է, որ եթե ՀՀ նախագահի ելույթում իսկապես կան մեսիջներ, որ այս կառավարությունը փայլուն է աշխատել, այս վարչապետը պետք է շարունակի պաշտոնավարել, ապա դա հերթական աղետը կլինի Հայաստանի համար: Այս մասին Նաիրա Զոհրաբյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Անդրադառնալով այն դիտարկումներին, թե կառավարությունն ապահովել է 7 տոկոսանոց տնտեսական աճ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը հորդորեց թվերից ձերբազատվել և խոսել փաստերով: «Եթե դուք կբերեք որևէ քաղաքացու, բացի նրանց նեղ շրջանակից, որը կասի, որ ավելի լավ է ապրում, քան երեկ, ապա ես կհամաձայնեմ: Յոթ տոկոսը պետք է արտացոլվի աղքատության կրճատմամբ, որն օրեցօր աճում է: Այստեղ խայտառակ կոնֆլիկտ կա հայտարարված փուչիկ թվերի և իրականության միջև»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:





