AM
20 Հոկտեմբեր 2005 - 12:53 AMT

Վ.Պրյախին. ԵԱՀԿ-ն առաջիկայում եւս կաջակցի Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին

«Սահմանադրության բարեփոխումը պարտավորություն է, որը Հայաստանը ստանձնել էր Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս»,-հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքերով, «միջազգային կազմակերպությունները ընդգծել են, որ այլեւս չի կարելի ձգձգել, շատ քիչ ժամանակ է մնացել, եւ այժմ եկել է այդ բարեփախումները իրագործելու վճռական պահը»: Վ.Պրյախինը հաղորդել է, որ հայկական կողմի ներկայացված առաջարկները սահմանադրական բարեփոխման վերաբերյալ ստացան միջազգային կազմակերպությունների, նախ եւ առաջ, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ դրական գնահատականը: Նրա կարծիքով, կատարյալ ոչինչ չկա եւ այդ ուղղումներն էլ կատարյալ չեն, սակայն, այնուամենայնիվ, էական առաջընթաց են գրանցում ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման ճանապարհին: «Այդ պատճառով մենք դրական կգնահատենք դրանց հնարավոր ընդունումը համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Թեեւ որոշողը, իհարկե, հայ ժողովուրդն է»,-հայտարարել է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը: Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է ԵԱՀԿ-ն համագործակցում Հայաստանի կառավարության հետ սահմանադրական բարեփոխումների ոլորտում` Վլադիմիր Պրյախինը հայտարարել է. «Մենք նախապատրաստել ենք մեր նկատառումները մարդու իրավունքների ոլորտի հետ կապված բարեփոխումների բլոկի վերաբերյալ: Մենք գոհ ենք, որ դրանց մեծ մասը ուշադրության է արժանացել: Մենք աջակցել ենք եւ աջակցում ենք, որպեսզի անհրաժեշտ քաղաքական երկխոսություն հաստատվի Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր սեգմենտների միջեւ Սահմանադրության բարեփոխման շուրջ, եւ մենք առաջիկայում եւս կաջակցենք սահմանադրական բարեփոխումների անցկացմանը»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է անդրադառնալ հանրաքվեի հնարավոր տապալումը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վրա, Վ.Պրյախինը կարծիք է հայտնել, որ «անհրաժեշտ 800 հազար քվեները ազատ եւ արդար հանրաքվեի արդյունքում այնուամենայնիվ կլինեն Սահմանադրության փոփոխության օգտին»: Հակառակ դեպքում, դա միեւնույն է կլինի ժողովրդի կամքի արտահայտությունը: Կարեւորը այն է, որ հանրաքվեն լինի ազատ եւ արդար, ընդգծել է Վ.Պրյախինը` ավելացնելով, որ ուղղումների ընդունումը որեւէ կեղծիքների կիրառմամբ ավելի վատ է, քան տապալումը արդար ճանապարհով: «Ես չեմ կարծում, որ հանրաքվեի տապալումը մեծ քաղաքական աղետ կլինի: Մենք չենք դրամատիկացնում իրավիճակը»,-նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը` ավելացնելով, որ հանրաքվեի տապալման դեպքում լուրջ վնաս կկրի Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը: «Սակայն միեւնույն ժամանակ, եթե սա հանրաքվե է, ապա, ինչպես ասում են, ժողովրդի ձայնը` աստծո ձայնն է»,-եզրակացրել է նա: