Երևանցին ինքն է որոշելու՝ որ քաղաքական ուժին է տալու իր քվեն: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ինձ համար հասկանալի չէ «մենք Երևանը չենք հանձնելու» ձևակերպումը, այն ինձ հիշեցնում է «Ստալինգրադը չենք հանձնելու կամ հետևում Կուրսկն է»: Որևէ մեկը Երևանն իր գրպանում չի դրել, որ հետո ասի՝ Երևանը հանձնելու եմ կամ չեմ հանձնելու»,- ասաց նա:
Իսկ ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, որ Տարոն Մարգարյանը 20 տարվա ընթացքում լավագույն քաղաքապետն է, Նաիրա Զոհրաբյանն որևէ մեկնաբանություն անել չի ցանկանում. ««Գելափ» «պազիվնոյի» տակ աշխատող այդ կոոպերատիվ կազմակերպության վերաբերյալ իմ վերաբերմունքն արդեն հստակ արտահայտել եմ»: Ըստ պատգամավորի` ԲՀԿ-ն օրենքի սահմաններում ամեն ինչ անելու է Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու համար, իսկ գումար բաժանելու մասին լուրեր շրջանառում են նրանք, ովքեր սովոր են ընտրություններում գումարներ խաղացնել: Նաիրա Զոհրաբյանը չի բացառում ընդդիմադիր կուսակցությունների հետ կոալիցիայի ձևավորումը: «ԲՀԿ-ն հակված է համագործակցության և, իհարկե, ավելի լավ կլիներ, որ Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ավելի լայն ճակատ ձևավորվեր: Դեռևս ոչինչ կորած չէ, և կարող ենք համագործակցել նախընտրական, ընտրական, ինչպես նաև հետընտրական շրջանում»,- ասաց նա:





