Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ որոշ քաղաքական ուժերի համար Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը ուսանողական բառապաշարով ասած՝ նախագահական ընտրություների «նեյավկայից» հետո վերջին «լիկվիդի» հնարավորությունն է:
Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նկատեց, որ թերթերում շրջանառվում են լուրեր ընտրակաշառքի աճող ծավալների մասին: «Ակնհայտ է, որ նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների հիման վրա հարուցված գործերի արդյունքում մարդիկ են պատժվելու, իսկ քանի որ ՀՀ նախագահի մոտեցումն այն է, որ ավագանու ընտրությունները պետք է լինեն ավելի լավը, քան նախագահական ընտրությունները, ակնհայտ է, որ կպատժվեն բոլոր ընտրախախտները»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նկատեց, որ ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյան դեռ մեղադրվում է գումարների լվացման գործում: «Ուզում եմ որպես երևանցի հասկանալ՝ որքանով այս ընտրությունները կարող են պետք գալ Երևանի փողոցները մաքուր պահելու գործում»,- ասաց Արմեն Աշոտյանը:





