AM
21 Մարտ 2013 - 11:59 AMT

Գ. Սողոմոնյան. Սիրիահայ երեխաները հեշտ են հաղթահարում արևմտահայերենից արևելահայերենի անցումը

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում այս պահի դրությամբ սովորում է 231 սիրիահայ երեխա, իսկ 300 աշակերտ կրթություն է ստանում Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում ստեղծված Կիլիկյան վարժարանում: Վերջին տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նա նշել է, որ 2012 թվականի հուլիսից Երևանի քաղաքապետարանը Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում կազմակերպել է արևելահայերենի ուսուցում`սիրիահայ երեխաների ու նրանց ծնողների համար: Սակայն ծնողների կողմից խնդիր էր դրվել ստեղծել նաև վարժարան, որտեղ սիրիահայ երեխաները կուսուցանեն սիրիական կրթական ծրագրով, բայց որում պարտադիր կլինի նաև հայոց լեզվի, պատմության և կրոնի պատմություն առարկաները: 2012թ-ի հոկտեմբերից քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում տեղակայվեց «Կիլիկյան» վարժարանը:

«Այսօր «Կիլիկյան» վարժարանում դասավանդում է 17 սիրիահայ ուսուցիչ: Վարժարանը ֆինանսավորվում է քաղաքապետարանի կողմից: Իսկ մյուս դպրոցների երեխաների շատ արագ ինտեգրվում են կոլեկտիվների, հեշտ են հաղթահարում արևմտահայերենից արևելահայերենի անցումը»,- ասել է Գայանե Սողոմոնյանը:

Նրա խոսքով, մեր ու սիրիական կրթական ծրագրերի միջև կան ահռելի տարբերություններ` սկսած սիրիական դպրոցում ստացվող վիճակացույցի ու հայաստանյան հանրակրթական դպրոցների ավարտական վկայականների տարբերությունից մինչև 4-րդ դասարանում երեխաների գիտելիքների ստուգմանը, աշակերտների արևելահայերենի և ռուսաց լեզվի ուսուցմանը վերաբերող խնդիրները և այլն:

«Այս և մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք օրեր առաջ բարձրացվել են «Կիլիկյան» վարժարանի ծնողների կողմից, Երևանի քաղաքապետը դիմել է ԿԳ նախարարությանը, որովհետև ռազմավարությունը որոշում է նախարարությունը: Մոտ օրերս խնդիրը կքննարկվի և այս հարցերը կստանան իրենց լուծումները»,- ասել է Գայանե Սողոմոնյանն ու նաև վստահեցրել, որ սիրիահայ աշակերտները ակտիվորեն մասնակցել են մի շարք մշակութային միջոցառումների, հնարավորություն են ունեցել այցելել գրեթե բոլոր մշակութային օջախներ. «Մարտի վերջին համար 14 դպրոցում «Սուրբ Զատիկի» տոնի կապակցությամբ երևանաբնակ և սիրիահայ աշակերտների համատեղ ջանքերով պատրաստվում է միջոցառում, իսկ մայիս ամսին նրանք պատրաստվում են նշելու հաղթանակի եռատոնը»: