AM
20 Հոկտեմբեր 2005 - 14:18 AMT

ԵՄ-ն Հարավային Կովկասը համարում է եվրոպական տարածաշրջանի քաղաքական եւ մշակութային շարունակությունը

«Մենք ընդունում ենք, որ Հարավային Կովկասում քաղաքական, տնտեսական եւ անվտանգության հարցերի պատասխանատվությունը կրում են, հիմնականում, Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը այսօր Երեւանում մեկնարկած «Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ. նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ Հարավային Կովկասի համար» խորագրով կոնֆերանսում, որտեղ ներկայացրել է Հայաստանի պաշտոնական տեսակետը Հարավային Կովկասում քաղաքական զարգացումների, տարածաշրջանային ինտեգրման եւ անվտանգության վերաբերյալ: Նա նշել է նաեւ, որ տարածաշրջանային տերությունները եւս ունեն իրենց սեփական շահերը տարածաշրջանում` կախված նրանից, թե որքանով է տարածաշրջանը ազդում այդ տերությունների տնտեսական եւ ազգային շահերի վրա: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասի երկրների անմիջական հարեւանները` Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն շահագրգռված են, որ տարածաշրջանում կայունություն լինի եւ զարգանան տնտեսական ռեսուրսները: «Մենք նաեւ ընդունում ենք, որ Եվրոպական Միությունը Հարեւանության նոր քաղաքականության միջոցով Հարավային Կովկասը համարում է եվրոպական տարածաշրջանի քաղաքական եւ մշակութային շարունակությունը»,-հայտարարել է Ա.Կիրակոսյանը:

Բացի այդ, նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ազատ, առաջադիմական տնտեսությամբ հասարակության ստեղծմանը եւ տնտեսական ու իրավական բարեփոխումների անցկացմանը, եւ այդ նպատակները ուղղակի գաղափարական բնույթի պարտավորություններ չեն: «Ես կարծում եմ, որ սա պրագմատիկ մոտեցում է, քանի որ, ի տարբերություն իր հարեւանների, Հայաստանը չունի էական բնական ռեսուրսներ, ելք դեպի ծով եւ պետք է վարի ազատական տնտեսական քաղաքականություն»,-նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: Նրա խոսքերով, վերջին ժամանակներս Հայաստանը ազգային մեծ համախմբվածություն է ցուցաբերել: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը միջազգային ասպարեզում բախվեց որոշ մարտահրավերների եւ իրողությունների հետ, որոնք բխում էին համաշխարհային քաղաքականության փոփոխությունից, Հարավային Կովկասի խնդիրներից եւ սահմանափակումներից, ինչպես նաեւ որոշակի քաղաքական եւ պատմական իրադարձություններից, հայտարարել է Արման Կիրակոսյանը: