Համահայկական Բնապահպանական Ճակատը դիմել է բնապապահպանության նախարար Արամ Հարությունյանին` «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ առաջարկներով: Տարածված հայտարարության մեջ նշված է, որ մարտի 12-ին ՀՀ Լոռու մարզի Մարցի գյուղապետարանում տեղի ունեցած «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումների ժամանակ Մարց գյուղի բնակիչները միանշանակ դեմ են եղել այդ նախագծին, ինչը հիմնավորում էին արդեն գործող «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ի շինարարության և շահագործման հետևանքով առաջացած խնդիրներով: Ըստ գյուղացիների, փաստորեն ջրազրկվել է Մարցիգետը, իսկ շրջապատի բնությանը զգալի վնաս է հասցվել: Այսպիսով Համահայկական Բնապահպանական Ճակատը նախարարին առաջարկում է. 1. Ներկայացված փաստերի հիման վրա ստուգել տվյալ ընկերությունը և պարզաբանել, թե ինչու՞ ձկնուղին չի գործել և չի պահպանվել գետի էկոլոգիական թողքը՝ փաստացի ամբողջովին ջրազրկելով Մարց գետը 5.8 կմ երկարությամբ: Արդյունքների մասին տեղյակ պահել հանրությանը՝ ներկայացնելով նաև ստուգման արդյունքներով ընդունված որոշման պատճեն:
2. Գնահատել շրջակա միջավայրին, գետի կենսաբազմազանությանը և էկոհամակարգին հասցված վնասը:
3. Պարզել շինարարության ժամանակ ծառահատումներ եղել են, թե՞ ոչ, և արդյո՞ք դրանց մասին նշված եղել է նախագծային փաստաթղթերում:
4. Տրամադրել մեզ, կամ տեղադրել նախարարության կայքում, «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերը, ՇՄԱԳ-ը, հանրային լսումների արձանագրությունները, մասնագիտական և փորձագիտական կարծիքները, բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը և մնացած բոլոր փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել այդ եզրակացության տրամադրման համար: Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)





