ՀՀ ազգային ժողովն այսօր հավանություն տվեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին: Ըստ այդմ՝ խմբագրվեց օրենքի 25-րդ հոդվածը, որը վերաբերում է համայնապատկերի ազատությանը: Այսուհետ թույլատրվում է առանց հեղինակի համաձայնության և հեղինակային վարձատրության վճարման փողոցներում, զբոսայգիներում, հրապարակներում և այցելության համար բաց այլ վայրերում մշտապես տեղադրված ստեղծագործությունների ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով և ձևերով վերարտադրումը, հեռարձակումը և վերարտադրված օրինակների տարածումը:
«Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում առավել հստակեցնել այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործությունների օգտագործման կարգը՝ հաշվի առնելով ինչպես հեղինակների, այնպես էլ հանրության լայն շրջանակների շահերի զուգակցումը: Այս նախագծի շրջանակներում ոչ միայն առավել հստակեցվել է «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի բովանդակությունը, այլ նաև փոփոխվել է հոդվածի վերտառությունը՝ ստանալով «Համայնապատկերի ազատություն» վերտառությունը: Այս հանգամանքը պայմանավորված է միջազգային պրակտիկայում լայն տարածում ունեցող «համայնապատկերի ազատություն» (freedom of panorama) եզրութի առկայությամբ, որը կիրառվում է այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործությունների վերարտադրման, տարածման հարաբերությունները կարգավորելիս:
Նշենք, որ օրինագծի հեղինակներն են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Դավիթ Հարությունյանը:





