ՀՀ փոխվարչապետ, հայ-քաթարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր Դոհայում հանդիպումներ ունեցավ քաթարական խոշոր «Hassad Food» և «Mawashi» ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ընկերությունները լայն գործունեություն են ծավալում գյուղտնտեսության և անասնաբուծության ոլորտում` ապահովելով ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների շուկաների գյուղմթերքի պահանջարկը:
Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Նրանք տեղեկություններ ներկայացրին ընկերությունների գործունեության ուղղությունների, ծավալների, աշխարհագրության, ապագա ծրագրերի մասին` հեռանկարային համարելով նաև Հայաստանի հետ փոխգործակցությունը: Գևորգյանն ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկեց այցելել Հայաստան` փոխգործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու, հնարավոր ուղղությունները հստակեցնելու համար: Նա նշեց, որ հետագա համագործակցության հարցերը կարող են ընդգրկվել նաև հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում, տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:





