AM
22 Մարտ 2013 - 08:10 AMT

«Ժառանգությունը» չի բացառում, որ ավագանու ընտրություններից հետո ընդդիմադիրները կոալիցիա կձևավորեն

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հնարավոր համարում է, որ ոչ իշխանական ուժերը Երևանի ավագանու ընտրություններից հետո համապատասխպան քվե ունենալու դեպքում կարող են կոալիցիա ձևավորել, բայց դրան պետք է նախորդի ազնիվ պայքարը նախընտրական փուլում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նա հայտարարեց, որ անհրաժեշտ է, որպեսզի այս ընտրություններին ոչ իշխանական ուժերը միասին հսկեն ընթացքը, քարոզչությունը տանեն օրենքի շրջանակներում:

Անդրադառնալով «Բարև Երևան» դաշինքի ցուցակին, նա նշեց, որ կատարյալ ցուցակ ենթադրելը ճիշտ չէ: «Մենք հարազատ ենք մնացել մեր սկզբունքներին. ունենալ ցուցակ, որտեղ պետք է արտացոլվեն նաև քաղաքացիական սպեկտորի ներկայացուցիչներ: Մենք ուշ ներկայացրեցինք, քանի որ մեր ցուցակում կան չորս կուսակցությունների ներկայացուցիչներ: 1/3-ում քաղաքացիական ակտիվիստներ են: Դժգոհություններն օրինաչափ և օբյեկտիվ են»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն իր հերթին ասաց, որ իրենք հաշվի են առել այն հանգամանքը, որ կան քաղաքացիներն, ովքեր ցանկանում են մասնակցել քաղաքի ղեկավարման գործընթացներին: «Մենք նրանց հնարավորություն ենք տվել: Մարդիկ կան, ովքեր կնեղանան, բայց մենք պետք է այս մշակույթի կրողը դառնանք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ռուբեն Հակոբյանն էլ նկատեց, որ եթե իրենք գնում են ընտրությունների, տարբեր շահեր կլինեն, որոնք բախվող են: «Եթե տարբեր շահեր կան, չի նշանակում, որ անազնիվ է լինելու պայքարը: Իշխանությունը կձգտի և կցանկանա, որ «Բարև Երևանը» քիչ ձայներ ստանա, որպեսզի նախագահի ընտրություններից հետո որոշ տեսակետներ հիմնավորեն, բայց ժողովուրդը հասկանում է, ինչ է կատարվում, իր քվեն կտա ում ցանկանում է»,- ասաց նա: Խմբակցության ղեկավարը նկատեց, որ նախագահական ընտրությունների ալիքը դեռ մնում է, այդ բարձրագույն ալիքի վրա է կայանալու Երևանի ավագանու ընտրությունը, և այն ավելին է, քան քաղաքապետական ընտրությունները: «Դրանք վեկտոր են դառնալու, որը նպաստելու քաղաքական պայքարին»,- ասաց նա: