Ընտրություններն անցել են լուրջ, համատարած խախտումներով, կարծում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: «Իմ դիրքորոշումը միշտ նույն է եղել, այնքան ժամանակ, քանի դեռ կան խախտումներ, ժողովուրդը իրավունք ունի կասկածելու արդյունքների մեջ: Ես կասկածի տակ եմ դնում նախագահի ընտրությունների արդյունքները, քանի որ խախտումներ են եղել, իսկ դրանց մեղավորը իշխանությունն է»,- ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը:
Նա նկատեց, որ իշխանափոխության հասնելու սահմանադրկան ուղիներից մեկը՝ ընտրությունները մեր երկրում չեն ստացվում: «Տարբերակ է մասսայական ժողովրդկան բողոքները՝ պարտադրելու, որ իշխանությունը հրաժարական տա, դժբախտաբար մեր երկրում դեռ ընտրություններով իշխանափոխություն չի լինելու: Փոփոխություններ անելու ժողովուրդի պահանջը ավելի է մեծանալու, եթե չմտածեն դրա մասին, լուծումներ չտան»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ այսօր Հայաստանում զուգահեռաբար մի քանի քաղաքական գործընթացներ են գնում: Նախ նոր կառավարության ձևավորման հարցն է: Կապված, թե ինչ կառավարություն կառաջարկվի, դրանից հետո կերևա, թե ինչպես են իշխանությունները վերաբերում ժողովրդի փոփոխությունների պահանջին:
Մյուսը գործընթացը հետընտրական է, Ազատության հրապարակում բողոքի ալիք է բարձրացել, ինչի կհասնեն, ցույց կտա ժամանակը: Երրորդը՝ խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներն են, նոր օրակարգ ձևավորելու խնդիր է դրվել, որը ներառում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, մեծամասնական ընտրական համակարգի վերացում: Մյուս գործընթացը, Երևանի ավագանու ընտրություններն են, որոնց ԲՀԿ-ն լուրջ է վերաբերում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ ԱԺ-ում ընթացող քաղաքական պրոցեսները ևս ակտիվ են: «Նպատակ կա փորձել հետընտրական զարգացումները քննարկել հնարավոր արտահերթ նիստում, ԲՀԿ-ն ներկայացրել է, թե ինչ խնդիրներ պետք է լուծվեն, մենք ներկայացրել ենք առաջարկ, որ վերացնենք մեծամասնական ընտրակարգը, դա բոնուս էր իշխանության գրպանում: Փոխենք ընտրական օրենսգիրքը, վերացնենք այդ բոնուսը, ապա խնդրեմ, ԲՀԿ-ն որևէ արտահերթ կամ հերթական ընտրություններից չի խուսափի: Ունենք նաև պատրաստած հիմնական առանցքային փաթեթը, թե ինչ սահմանդրական փոփոխություններ են պետք»,- ասաց նա:





