Հայ հեղափոխական դածնակցությունը շարունակում է ասել, որ երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը հանգուցալուծում է պահանջում, և դա կարող է լինել միայն քաղաքական դաշտում, առճակատումը ոչ մի տեղ չի տանելու: «Ես վստահ եմ, որ կողմերն ունեն այդ հնարավորությունը, այլապես, եթե մի կողմն ասում է, որ երեք հազար մարդ է հանրահավաքի մասնակցում, մյուսն ասում է`ապրիլի իննին մեկուկես միլիոն մարդ կբերենք, դա այլ հարթություն է և հանգուցալուծման չի տանում»,- այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ըստ նրա՝ նշաձողը, որը Րաֆֆի Հովհաննիսյանն է դրել`միայն իր դիակի վրայով, անհասկանալի է: «Վախենում եմ, որ կողմերը ճիշտ չգնահատեն իրավիճակը և սահմանն անցնեն: Ես չեմ ուզում, որ մեր երկիրն ու պետությունը ևս հինգ տարի ընտրությունների հետևանքները հաղթահարելով զբաղվի: Եթե իշխանությունները հասարակության ազդակներից չեն ազդվում, գալիս է հասարակական լայն ընդվզման ալիք: Իշխանությունը մտածում է`կմարի կանցնի, բայց ես ձեզ վստահեցնում եմ, մարդկանց մտածողության մեջ բան է փոխվել և իշխանությունն ու ընդդիմությունը պետք է համատեղ ուժերով մտածեն այս իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց Աղվան Վարդանյանը:





