Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը պայքարի ավարտը չէ. ամեն ինչ սկսվելու է հենց այդտեղից: Հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանինն է` արված այսօր, «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» միջազգային գիտաժողովի ժամանակ:
«Ամբողջ աշխարհը այդ միջոցառումների շնորհիվ պետք է հասկանա, որ հարյուրամյակը պայքարի ավարտը չէ: Թող ոչ ոք հույս չունենա, որ 2015 թվականին հայ ժողովրդի պայքարը կավարտվի: Հարյուրամյակին նվիրված միջոցառումներով մենք պետք է ցույց տանք, որ պայքարելու ենք մինչև վերջ, և ես վստահ եմ, որ մենք կանենք դա»,- ասաց Դեմոյանը:
Այս մասին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է նշել` Գիտաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում. «Մեծ եղեռնի հարյուրամյակը սոսկ տարելից չէ. միջոցառումների ու ոգեկոչման արարողությունների անցկացումը մեզ հնարավորություն կտա ամբողջ աշխարհին ի ցույց դնել մեր միասնականությունն ու հաստատակամությունը` ցեղասպանության հետևանքների վերացման հարցում ոչ միայն չընկրկելու, այլև հաջորդ սերունդներին պայքարի ու մաքառման նոր եղանակներ փոխանցելու առումներով»:
Իսկ այս գիտաժողովը հնարավորություն կընձեռնի քննարկել թուրքական ժխտողականության դեմ առավել արդյունավետ հակազդեցության մեխանիզմների ու եղանակների մշակումը: Իր տարբերակը զեկույցից առաջ լրագրողների հետ զրույցում առաջարկեց Գերմանիայի Բոխու համալսարանի դասախոս, նույն համալսարանին կից Սփյուռքի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, դոկտոր Միհրան Դաբաղը. «Ներկայումս պետք է կենտրոնանալ ոչ թե ընդհանրական մոտեցմամբ Հայոց Ցեղասպանության ճանաչման, միջազգայնացման, այլ՝ մանրամասն ուսումնասիրություններով` համամարդկային հիշողության մեջ ամրագրելու վրա»
Նրա խոսքով անհրաժեշտ է համամարդկային հիշողության մեջ ամրագրել Հայոց ցեղասպանության փաստերը՝ հետագա նմանօրինակ ոճրագործություները կանխելու համար: Իսկ այդ ուղղությամբ դեռ բացեր ու անելիքներ կան, որովհետև, օրինակ, 2014 թվականին Եվրոպայում կստեղծվի Առաջին աշխարհամարտի «Հիշողության թանգարանը», որտեղ անտեսված է Հայոց ցեղասպանությունը:
Փոխարենը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր հրապարակեց մի քանի նախագծային լուսանկարներ. 2015 թվականին թանգարանն այցելուներին դիմավորելու է 2.5 անգամ ընդլայնված` միայն ցուցադրությունների մասը` 2 անգամ:
«Այս տարիներին մեծ ուսումնասիրություններ են տարվել ու հավաքչական աշխատանք է կատարվել: Արդյունքում ցուցադրության ենթակա մեծաքանակ նյութ է կուտակվել: Ընդլայնված թանգարանը մեզ հնարավորություն է ընձեռնելու բացարձակ նոր որակով ու մանրամասնություններով ներկայացնել դրաք: Այլևս չի լինելու նյութն ապակու տակ: Թանգարանային վերջին տեխնոլոգիանորով հագեցվածությունն այցելուները հնարավորություն կունենան տեսնել 100 անգամ ավելի շատ նյութ, քան այսօր», – ներկայացրեց Հայկ Դեմոյանն իր` «Հայոց ցեղասպանության տեսողականացման և թանգարանային ցուցադրության կազմակերպման հայեցակարգային մոտեցումները» զեկույցում:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են նաև զեկույցներ Հայեց ցեղասպանության հետազոտության հեռանկարների, տեսական խնդիրների, վիճակագրական տվյալների ու արխիվային նյութերի, զոհերի էլեկտրոնային շտեմարանի ստեղծման և այլ թեմաներով:





