Շնորհակալություն հայտնելով Պահպանողական կուսակցությանը «Ժառանգություն» կուսակցության՝ զույգ կուսակցությունների դաշինքով Երևանի ավագանու ընտրություններին միասնաբար մասնակցելու առաջարկության առիթով, Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը՝ ելնելով այն համոզումից, որ հանրապետության բնակչության կեսն ապրում է Երևան քաղաքում, ուստի ընտրությունները նույնպես քաղաքական պետք է լինեն, ընդունելով, որ ընդդիմադիր ամբողջ դաշտի համար այսօր բարոյականը նախընթաց նախագահական ընտրություններում այլընտրանքային թեկնածուներից ամենաշատ քվեները ստացած և քաղաքակրթական արևմտյան արժեհամակարգ առաջարկած «Ժառանգության» ղեկավարին սատարելն է և ընդդիմադիր ընտրազանգվածը չատոմիզացնելը, հայտարարում է, որ Երևանի ավագանու ընտրություններում.
1. Չի մասնակցում որևէ դաշինքի ձևավորմանը, միևնույն ժամանակ նույնականորեն և երախտագիտությամբ հատուցում է ավագանու նախորդ ընտրություններում «Ժառանգության» բարոյական կեցվածքի դիմաց, երբ նա չմասնակցեց ընտրություններին՝ ասպարեզը զիջելով այն ժամանակվա ընդդիմության առաջատարին՝ նաև մեր մասնակցությամբ հիմնված Հայ ազգային կոնգրեսին,
2. «Ժառանգություն» կուսակցությանն իր սատարումն արտահայտում է նրա ցուցակում երեք ներկայացուցչի առաջադրմամբ, որոնց, Երևանի ավագանու անդամ դառնալու դեպքում պատվիրակում է հետապնդել բացառապես մեկ նպատակ՝ վերանվանել կոմունիստական կուսակցական գործիչների և ԿԳԲ-ի գործակալների անուններ կրող բոլոր փողոցներն ու հաստատությունները, Երևանում հիմնել կոմունիստական 70-ամյա ամբողջատիրության զոհերի թանգարան:





