AM
22 Մարտ 2013 - 15:44 AMT

ԱԺ նախագահին կից ստեղծվելու է «Հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրուդ»

Այսօր ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հանդիպել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկացել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հակոբ Հակոբյանը կարևորել է նման քննարկումները օրենսդրությունը կատարելագործելու առումով և հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն: Հանդիպման ընթացքում ՀԿ-ների ներկայացուցիչներն անդրադարձել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի դրույթներին, հանդես եկան ոլորտի կանոնակարգմանն ուղղված բազմաթիվ առաջարկներով: Ներկաները կարևորել են ընդունվող օրինագծի դրույթների կիրառման համար հստակ մեխանիզմների սահմանումը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից՝ «Հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի» ստեղծման մասին հարցը՝ նպատակահարմար գտնելով խորհրդի կազմում ընդգրկել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող ՀԿ ներկայացուցիչներից բաղկացած 6 հոգանոց աշխատանքային խումբ: ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը ներկաներին վստահեցրել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները մշտապես գտնվում են ԱԺ նախագահի և ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

Պատգամավորի կարծիքով՝ ստեղծվող խորհուրդը, կազմված լինելով բանիմաց մարդկանցից, ոլորտում կիրականացնի մի շարք բարեփոխումներ՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հավաստիացրել է, որ ներկայացված առաջարկները և բարձրացված խնդիրները հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն, իսկ ընդունելի առաջարկները կներառվեն նախագծում: