AM
23 Մարտ 2013 - 08:46 AMT

Հայաստանի քրդական խորհրդի նախագահ. Հայերի հետ մեր բարեկամական կապերն ամուր են

Քուրդ ժողովրդին Նովրուզի՝ նոր տարվա տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը փոխանցել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին և մաղթել համայնքին համերաշխություն, ծրագրերի իրականացում և նոր ձեռքբերումներ:

Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: «Քրդական համայնքը իր ուրույն դերով մշտապես ակտիվորեն մասնակցել է քաղաքային ծրագրերին և եղել մեր կողքին: Երևանի քաղաքապետարանը կարևորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը քաղաքի կյանքում և պատրաստ է իր լրազորությունների շրջանակում համագործակցել ու աջակցել»,- նշել է Վանո Վարդանյանը:

Կնյազ Հասանովը իր հերթին ընդգծել է, որ երևանաբնակ քուրդ համայնքը մշտապես ակտիվորեն իր մասնակցությունն է ունենում քաղաքային տարբեր ծրագրերին և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը: «Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից այս ուշադրությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հայ ժողովրդի հետ մեր բարեկամական կապերը շատ ամուր են: Եվ երբ աշխարհասփյուռ քրդերը Երևանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը, դա այլևս զարմանալի չէ: Դա Երևանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող բարեկամական վերաբերմունքի արդյունքն է, ինչի համար ևս անկեղծ շնորհակալ ենք: Եվ կարևորելով մայրաքաղաքի բարեկարգման ու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի նկատելի են դառնում, մեր համայնքի անունից մեր պատրստակամությունն ենք հայտնում անել հնարավորը` հանուն քաղաքի զարգացման», – նշել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահը:

Քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում քուրդ համայնքի հետ կապերն էլ ավելի կընդլայնվեն և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ կընձեռվեն: