ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երկրում ստեղծված հետընտրական իրավիճակին: Նա նշել է, որ քաղաքական հարցադրումներին և խնդիրներին պետք է քաղաքական պատասխաններ և լուծումներ գտնել։
«Ես մտածում եմ Սերժ Սարգսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել նրանց իսկ հայտարարություններից բխող և իմ՝ պաշտոնապես ազդարարված նախընտրական ծրագրին համահունչ գործողությունների համակարգ։ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն նախագահ ճանաչելով և Սերժ Սարգսյանին նախագահ չճանաչելով հանդերձ վերջինիս ներկայացրեց պահանջներ, որոնք կարելի էր ներկայացնել միայն նախագահին, այսինքն՝ երկխոսությունն ամեն ինչից վեր դասեց։ Սերժ Սարգսյանն արձագանքեց երկխոսության առաջարկին, արհամարհելով իրեն նախագահ չճանաչելու հանգամանքը։ Սա բնականոն դրսևորում կարելի է համարել հաշվի առնելով հայ ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերները։ Որքան էլ մենք երջանիկ ու ինքնագոհ ներկայանանք, կանգնած ենք ՈՐՊԵՍ ԱԶԳ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԲՆԱՋՆՋՎԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋ։ Եվ այս արտահայտվող կամ քողարկվող մտահոգությունը առկա է բոլորիս մտքերում։ Դրանով էլ կարելի է բացատրել Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի ողջունելի փոխադարձ հանդուրժողականությունը։
Այս իրավիճակում ես իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ պատրաստ եմ գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ Ես 98-99 թթ կատարել եմ այդ աշխատանքը։ Այդ գործընթացի առողջ զարագացումով կարելի է դրական արդյունքների հասնել ոչ միայն ռազմավարական՝ համակարգային փոփոխություններ կատարելու հարցում, այլև ընթացիկ քաղաքական, այդ թվում՝ արտահերթ ընտրութիւններ կատարելու հարցում։
Առօրեական քաղաքական նպատակդրումներ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը բնականաբար չպետք է ընդուներ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ դառնալու Սերժ Սարգսյանի առաջարկը։ Իմ ծրագրահենքում Սահմանադրական բարեփոխուների իրականացումը՝ վեց ամսից մեկ՝ առավելագոյնը երկու տարվա ընթացքում, առաջնահերթ նպատակների թվում էր։ Նաև այս իրողությունն է ինձ տրամադրում խորհել այս առաջարկն անելու մասին։
Հենց սկզբից բոլորը պետք է իմանան, որ այդ բարեփոխումները կարող են լինել միայն ի նպաստ ժողովրդավարության և մարդու իրավունքների։ Ես այդ իմ գործը կանեմ անկախ իմ առողջական վիճակից և գտնվելու վայրից։ Իսկ առաջարկիս Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համաձայնվելու դեպքում վերջինս կարող է անմիջապես դադարեցնել իր հացադուլը և լիաթոք մասնակցել քաղաքական գործընթացներին։ Ինչ որ հարցերում համախոհներ կլինենք, ինչ որ հարցերում ընդդիմախոսներ, սակայն հավատացնում եմ, որ իմ գլխավորած հանձնաժողովը չի անտեսի ոչ մի առաջարկ»,- գրել է Պարույր Հայրիկյանը:





