«ԵՄ-ն կարող է Հայաստանի հետ բանակցություններ սկսել Գործողությունների անհատական ծրագրի շուրջ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում որքան հնարավոր է շուտ, չնշելով կոնկետ ժամկետներ»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Եվրամիության Եռյակի պատվիրակության հետ համատեղ մամլո ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե հաստատվել են արդյո՞ք ժամկետներ, թե երբ կսկսվեն բանակցությունները Հայաստանի հետ Գործողությունների անհատական ծրագրի շրջանակներում, եւ ինչով են պայմանավորված այդ ժամկետները: Նրա խոսքերով, նա նամակ է հղել Եվրամիության ԱԳՆ ղեկավարներին` խնդրելով այդ հարցում տարանջատել Հայաստանը Վրաստանից եւ Ադրբեջանից եւ չկապել ծրագրի գործողության մեկնարկը Ադրբեջանի խնդիրների հետ: Նա հաղորդել է, որ «Բրյուսելում ասվել է, թե նրանք հույս ունեն, որ Հայաստանի հետ բանակցությունների այս փուլը կավարտվի 2006 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում եւ կհաստատվի Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը: «Հաշվի առնելով, որ բանակցությունները կարող են տեւել մի քանի ամիս, հույս ունենք, որ բանակցությունները կսկսվեն գոնե դեկտեմբերին, որպեսզի երեք ամսվա ընթացքում ավարտենք»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ է սպասում Հայաստանին այն դեպքում, եթե Ծրագիրը հաստատվի` Վ.Օսկանյանն ասել է.«Այդ փաթեթում կլինեն տարաբնույթ խնդիրներ, երկկողմ հարաբերություններ եւ գործնական ծրագրեր Հայաստանի զարգացման համար, կլինեն նաեւ պարտավորություններ: Սակայն ամենկարեւորը այն է, որ այդ ծրագիրը ընթացքի մեջ է, եւ Հայաստանը որոշ ոլորտներում համագործակցությունից կանցնի ինտեգրման, քանի որ Հայաստանի համար դա չափազանց կարեւոր է»:





