AM
26 Մարտ 2013 - 12:55 AMT

Տնօրեն. Ոչ ոք չի կարող վաճառել Բյուրականի աստղադիտարանը

Ոչ ոք չի կարող վաճառել Բյուրականի աստղադիտարանը, քանի որ դեռևս տարեսկզբին Կառավարության որոշմամբ այն ճանաչվել է ազգային արժեք: Բացի այդ այս տարի կառավարությունը գումար է հատկացրել աստղադիտարանի մեծ դիտակը վերանորոգելու համար, որը 1980-ական թվականներից հետո չի վերանորոգվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

«Եթե մինչև անցած տարի աստղադիտարանի բյուջեն կազմում էր 65 մլն դրամ, ապա այս տարի 185 մլն դրամ է: Հենց այս գումարով էլ պետք է վերանորոգենք դիտակները: Աստղադիտարանը փորձում է բազմաթիվ ուղղություններով աշխատանքներ կատարել: Դրանց մեջ կա մեկը, որի մասին շատ է խոսվում՝ մարդածին ու բնական վտանգների կանխարգելման ծրագրի իրականացումն է»,- ասել է նա:

Հին դիտակները նորոգելուց բացի աստղադիտարանում նոր դիտակների կայան է կառուցում Ռուսական «Ռոսկոսմոսը» ընկերությունն ու հենց այստեղից էլ, ըստ տնօրենի, սկսվել են աստղադիտարանը վաճառելու մասին տարածված խոսակցությունները:

«Թե ինչ արժեն այդ դիտակները ես չգիտեմ, քանի որ դա մնում է որպես իրենց սեփականություն: Աստղադիտարանը շահում է այն, որ այդ ծրագրի իրականացման շնորհիվ մեզ տրվում երկու նոր ընդունիչ սարք, որոնք շատ թանկ արժեն՝ յուրաքանչյուրը 125 հազար դոլար»,- ասել է տնօրենը:

Նրա խոսքով ռուսական կողմն արդեն հուլիսին կտեղադրի երեք մասնագիտական աստղադիտակ և ընդունիչ սարքեր, որոնք հետևելու են տիեզերական տարբեր մամիններին` մարդածին և բնական աղետները կանխելու համար: Ու այս ծրագրերի հաշվին որոշ չափով կբարձրանա աստղադիտարանի աշխատակիցների աշխատավարձը, աշխատանքի կընդունվեն նոր մասնագետներ, երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան աշխատել թանկարժեք դիտակների վրա: Սակայն արված բոլոր հայտնագործությունները և ուսումնասիրության աշխատանքների արդյունքները համարվելու են «Ռոսկոսմոսինը»: