AM
26 Մարտ 2013 - 13:23 AMT

«Հարսնաքարի գործով» մեղադրյալների պաշտպանները միջնորդել են արգելել լրագրողների աշխատանքը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Հարսնաքարի գործով» դատական նիստը: Դատավորը մերժել է ամբաստանյալների պաշտպանների` իրենց պաշտպանյալների ցուցմունքները դռնփակ նիստում անցկացնելու մասին միջնորդությունը: Դատավորը հիմնավորել է, որ դրա համար բացառիկ հիմքեր չկան:

Պաշտպանական կողմը դժգոհել է, որ անցյալ դատական նիստին ռեստորանային համալիրի մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի ցուցմունքները զանգվածային լրատվության որոշ միջոցներ աղավաղել են, ուստի կողմը մտավախություն ունի, որ ամբաստանյալների ցուցմունքների հրապարակայնությունը կարող է ազդել արդար դատաքննության, մասնավորապես՝ լրացուցիչ վկաների հարցաքննության վրա, եթե դատարանը բավարարի նրանց դատակոչելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Մեղադրող Արթուր Դավթյանը ևս նշել է, որ պաշտպանական կողմը չի ներկայացրել հիմնավորումներ` դատական նիստերը դռնփակ անցկացնելու համար: Մեղադրողն ավելացրել է նաև, որ լրագրողների գնահատականները չեն կարող ազդել արդարադատության վրա: Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը նույնպես նշել է, որ պաշտպանական կողմը չի վկայակոչել որևէ կոնկրետ փաստական հղում պաշտպանության իրավունքի խախտման վերաբերյալ: Պաշտպանական կողմը դժգոհություն է հայտնել նաև ամբաստանյալների ցուցմունքները տեսաձայնագրելու կապակցությամբ` հիմնավորելով, որ ԶԼՄ-ները ներկայացնում են մոնտաժված և հիմնականում մեղադրական բնույթի տեսանյութեր:

Ամբաստանյալներն այսօրվա նիստում հայտարարել են, որ այդ պահին պատրաստ չեն ցուցմունք տալ, իսկ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը հայտարարել է, որ հաջորդ դատական նիստին պատրաստ կլինի: