Մարտի 25-ին ԱԺ ՀՀԿ խմբակցությունն առաջարկ էր փոխանցել Հայ ազգային կոնգրեսի խմբակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու և նիստում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն ընդունելու վերաբերյալ: Փոխանցվել է նաև ՀՀԿ նախագիծը:
Այսօր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀԿ խմբակցության ղեկավարին է փոխանցել հնարավոր արտահերթ նիստում ընդունվելիք հայտարարության` «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության նախագիծը և տեղեկացրել, որ միայն նման նախագծի շուրջ կարող է կայանալ համաձայնություն: Այս մասին հայտնում են ՀԱԿ գրասենյակից: Նախագիծը հետևյալն է.
«Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական համերաշխության մթնոլորտը, հանրային և քաղաքական վստահության մթնոլորտն ամրապնդելու, առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտության մասին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը
– մտահոգություն հայտնելով երկրում առկա լարված ներքաղաքական իրավիճակի, վտանգավոր հասարակական զարգացումների և ավերիչ ժողովրդագրական գործընթացների կապակցությամբ,
– գիտակցելով, որ երկրի զարգացման և այսօր առկա հրատապ խնդիրների լուծմանը կարելի է հասնել քաղաքացիական համերաշխության ապահովման հիման վրա, հայտարարում է.
Հայաստանում թիվ մեկ քաղաքական խնդիրը ոչ օրինակարգ իշխանության գոյությունը և սահմանադրական կարգի խաթարվածությունն է, ինչի վերականգնման համար անհրաժեշտ է.
1. Ընտրական օրենսգրքում կատարել բոլոր այն փոփոխությունները, որոնք վերջին տարիներին առաջարկել է ընդդիմությունը՝ առավելագույնս բացառելու համար ընտրախախտումները։
2. Անցկացնել լսումներ և քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննարկումներ՝ արտահերթ նախագահական ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով Հայաստանում խաթարված սահմանադրական կարգի վերականգնման օրակարգով։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է բոլոր քաղաքական ուժերն, քաղաքացական կառույցներին և ողջ հասարակությանը՝ նպաստելու համար այն անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը, որում հնարավոր կլինի իրականացնել կենսական դարձած այս խնդրի լուծումը»։





