AM
27 Մարտ 2013 - 07:31 AMT

Գյումրեցի տղամարդիկ մեկնել են ՌԴ աշխատանք որոնելու և չեն վերադարձել

Գյումրու «Շիրակ կենտրոնը» հերթական տեսանյութում ներկայացնում է գյումրեցի երկու ընտանիքների պատմություն: Առաջին հայացքից տարբեր մարդկանց մասին է՝ առաջին մասում անկողնուն գամված 4 մանկահասակ երեխաների հաշմանդամ մոր ընտանքն է, իսկ երկրորդում՝ առաջին կարգի հաշմանդամ, կույր միայնակ կինը, որը տնակը քանդվելուց հետո բնակություն է հաստատել Գյումրու Բուլվարային թաղամասի երկրաշարժից կանգուն մնացած բազմահարկերից մեկի 9-րդ հարկում:

Սակայն նրանց միավորում է մի ցավալի իրողություն: Եթե առաջինի դեպքում մանկահասակ երեխաների հայրն է աշխատանք փնտրելու հույսով տարիներ առաջ մեկնել ՌԴ, իսկ երկրորդի դեպքում` միայնակ կույր կնոջ որդին, ապա երկու դեպքերում էլ արտագնա աշխատանքի մեկնածներից վաղուց որևէ լուր չկա: Իսկ ընտանիքները մնացել են առանց խնամող ձեռքի, միայն թոշակի և նպաստի հույսին: Ավելին, կույր և տարեց կնոջը 6-րդ ամիսն է` տարբեր պատճառաբանությամ զրկել են սոցիալական նպաստից: