AM
27 Մարտ 2013 - 08:13 AMT

Օմբուդսմենի զեկույցը. Սևանա լճից ջրի բացթողնման հարցը լուծվել է առանց հանրային լսումների

ՄԻՊ գրասենյակը այսօր հրապարակել է Օմբուդսմենի տարեկան զեկույցի Տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտին վերաբերող հատվածը: Ըստ այդմ՝

Տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

• 2012 թվականի ընթացքում բազմաթիվ համայնքներում գրանցվել են ինքնակամ շինարարություն իրականացնելու հաճախակի դեպքեր:

• Շարունակվում է չլուծված մնալ համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարների հետ կապված խնդիրը:

• Չեն կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ` նախքան Սևանա լճից ջրի բաց թողնման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ՀՀ կառավարությանը ներկայացնելը:

• Դեռևս չլուծված է մնում փախստականների բնակարանային ապահովման և նրանց բնակարանային պայմանների բարելավման հարցը:

• Առկա են անբարենպաստ պայմաններ Նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ չգտնվող այլ ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների համար:

Արձանագրված դրական զարգացումները

• Առանձին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ բնակարանով ապահովվել են որոշ փախստական ընտանիքներ:

• Բացահայտվել և արձանագրվել են համայնքի ղեկավարի uեփական կամ պետության կողմից պատվիրակված լիազորությունների սահմանազանցման մի շարք դեպքեր:

• Նախարարությունը մշակել է «Ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

• Իրականացվել է համայնքներում ծրագրային բյուջետավարման ներդրում, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Եվրոմիության երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և բանկային կառույցների հետ համագործակցության միջոցով համայնքներում դրամաշնորհային և վարկային ծրագրերի ներգրավման ապահովում:

• 2012 թվականին գրանցվել է Երևանի և մարզերի միջև եկամուտների տարբերության կրճատում և բնակչության արտահոսքի նվազեցում, հայրենի բնակավայրում ապրելու և աշխատելու ցանկության աճ: