AM
27 Մարտ 2013 - 12:56 AMT

«Օղակ» օպերացիան իրականացրած Մութալիբովն ու Գորբաչովը պետք է պատասխանատվության ենթարկվեն

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը և Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը պետք է պատասխանատվության կանչվեն Հաագայի միջազգային դատարան՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար: Այս կոչն այսօր ասուլիսի ժամանակ իշխանություններին է ուղղել Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը` անդրադառնալով Ադրբեջանի առաջին նախագահի հայտարարությանը:

Այազ Մութալիբովն օրեր առաջ խոստովանել էր, որ 1990 թ. Ադրբեջանի ՍՍՀ տարածքում տեղակայված խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից ընդդեմ ԼՂԻՄ-ի հայ ազգաբնակչության իրականացված «Օղակ» օպերացիան համաձայնեցված է եղել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ: Այդ գործողությունների պատճառով. հայաթափվեցին Շահումյանի, ԼՂՀ Հադրութի շրջանները, նաև ԼՂՀ Հադրութի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի 24 գյուղ `10.000 բնակչությամբ:

«ՄՀՆՋ-ը հանդես է գալիս որպես տուժող կողմ, իրավահաջորդ և պահանջատեր, քանի որ արյունալի «Կոլցո» օպերացիան ՄՀՆՋ-ի վրա թողել է ծանր և անդառնալի հետևանքներ: Այդ օպերացիայի պատճառով զոհվեցին 230, գերևարվեցին 120, անհայտ կորան 15, վիրավորվեցին 250 միլիցիայի աշխատակիցներ, այդ թվում` զոհվեցին 11 և գերևարվեցին 32 քաղաքացիական անձինք», – հայտարարել է Գրիշա Սարգսյանը:

Նրա խոսքով Արտգործնախարարությունը որևէ քայլ չի ձեռնարկում այդ հարցի միջազգայնացման ուղղությամբ ու իրենք կոչ են անում ՀՀ ԱԳՆ-ին, ԱԱԽ-ին և այլ պատկան մարմիններին ընթացք տալ իրենց դիմումին և արձագանքել Այազ Մութալիբովի` «Կոլցոյի» վերաբերյալ բացահայտումներին ու դա օգտագործել հայկական դիվանագիտության զինանոցում:

«Մոտ երկու շաբաթ է անցել Մութալիբովի հայտարարությունից, սակայն ոչ մի պաշտոնական արձագանք: Մեր դեսպանները զբաղված են իրենց անձնական հարցերը լուծելով: Մենք կանգնած ենք նախագահի կողքին և պահանջում ենք իրենից անել կադրային լուրջ փոփոխություններ, որպեսզի ամեն մարդ զբաղվի իր գործով: Մենք պահանջատեր ենք լինելու, քանի որ մենք ենք տուժել այդ օպերացիայից: Ամբողջ օրը ազգասիրությունից, նժդեհյան գաղափարներից, ազգային անվտանգությունից են խոսում, Արթուր Բաղդասարյանին են ցույց տալիս: Եթե մեր պահանջը չբավարարվեց, մենք պահանջելու ենք այս կառույցների ղեկավարների հրաժարականը»,- ասել է Գրիշա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ միությունը դիմելու է նաև Նոբելյան մրցանակի միջազգային կազմակերպությանը, որպեսզի Գորբաչովից հետ պահանջեն 1990 թ. վերջինիս շնորհված մրցանակը: