AM
27 Մարտ 2013 - 14:02 AMT

Գյումրիին նոր դիահերձարան է անհրաժեշտ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետարանի պատասխանատուներ: Քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, ոռոգման շրջանի մեկնարկին առնչվող հարցեր:

Փոխվարչապետին զեկուցվեց մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի մասին: Նշվեց, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի: Ըստ մարզպետարանի պատասխանատուների` ծրագրերի իրականացումը նպաստել է մարզում ցանքատարածությունների ավելացմանը. մասնավորապես 2012թ-ին, նախորդ տարվա համեմատ, աշնանացան ցորենի ցանքատարածություններն ավելացել են 1 000 հեկտարով, իսկ գարնանացանի տարածքները նախատեսվում է, որ նախորդ տարվա ծավալները կգերազանցեն 1 500 հեկտարով: Տեղեկացվեց, որ մարզի համայնքներում որոշակի խնդիրներ են առկա կարտոֆիլի բերքի իրացման հետ կապված և անդրադարձ եղավ բերքն իրացնելու հնարավորություններին: Քննարկվեցին նաև մարզում անասնաբուծության, մասնավորապես, ոչխարաբուծության զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերին` փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին առաջարկեց «Շիրակ» ՋՕԸ-ի հետ համատեղ ամփոփել 2012թ. աշխատանքների արդյունքները և աջակցել ՋՕԸ-ին ` անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցում:

Տեղեկություններ ներկայացվեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին: Զեկուցվեց, որ ներկայումս ծրագրով իրականացված ֆիզիկական աշխատանքների ծավալը կազմում է 63 տոկոս: Չորրորդ ծրագրով ևս մարզին հատկացվել էր 1,3 մլրդ դրամ, որոնք ուղղվել են մանկապարտեզների, մշակույթի տների, համայնքային ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը:

Ներկայացվեցին նաև մարզի համայնքների 2013թ. առաջին երկու ամիսների սեփական եկամուտների կատարողականի ցուցանիշները: Կատարողականը կազմել է 86,6 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 3,8 տոկոսի աճ: Դրական համարելով տարեսկզբի միտումները` փոխվարչապետը կարևորեց սեփական եկամուտների ողջ ծավալով հավաքագրումը և անթույլատրելի համարեց տարվա ընթացքում ապառքների ու պարտքերի կուտակումը, ինչն առաջին հերթին դժվարություններ է ստեղծում հենց համայնքների համար:

Խորհրդակցությանը մարզպետը բարձրացրեց Գյումրի քաղաքում նոր դիահերձարանի կառուցման հարցը` ծրագրի իրագործմանը նաև տեղական մասնակցության պատրաստակամություն հայտնելով: Փոխվարչապետն առաջարկեց նոր շենքի կառուցման նախագիծը քննարկել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ:

Փոխվարչապետն առանձին խորհրդակցություն անցկացրեց նաև Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանի և Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին քաղաքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Քաղաքապետը բարձրացրեց նաև Գյումրիում փողոցների բարեկարգման հարցը` նշելով, որ ձյան հալոցքից հետո վերանորոգման խիստ անհրաժեշտություն է առաջացել, իսկ համայնքային միջոցները բավարար չեն համապատասխան աշխատանքների իրականացման համար, ուստի քաղաքապետարանն այս հարցում ակնկալում է կառավարության աջակցությունը: Փոխվարչապետը խոստացավ, որ հարցը կքննարկվի կառավարությունում:

Անդրադարձ եղավ նաև «Գյումրին`ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի իրականացմանը: Փոխվարչապետը մարզպետին ու քաղաքապետին հորդորեց համագործակցված աշախատել ՀՀ մշակույթի նախարարության հետ և կարևորեց ծրագրով նախատեսված միջոցառումների պատշաճ մակարդակով իրականացում, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: