Այսօր Հանրապետական կուսակությունում հերթական Գործադիր մարմնի նիստն է լինելու: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի նիստի օրակարգում է լինելու նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի նամակագրությունը: ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու, պաշտոններ զիջել-չզիջելու հարցերը:
Թեև Րաֆֆի Հովհաննիսայանի և Սերժ Սարգսյանի միջև պաշտոնապես դեռ բանակցություններ չկան, սակայն երկու կողմերն էլ նամակագրության միջոցով իրենց դիրքորոշումը հայտնել են: Հաղորդակցությունը, ինչ խոսք, ստացվում է, բայց ընդհանուր եզրահանգման հասնելու եզրերը դեռ չեն երևում: Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանին ուղարկված վերջին նամակում ստեղծված իրավիճակի իր տեսլականը ներկայացրեց, որը ենթադրում էր երկրի ղեկավարման լուրջ լծակների հանձնում ընդդիմությանը: Սերժ Սարգսյանը պատասխան նամակում դարձյալ հորդորեց Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և «հանգիստ, առանց շուոների շարունակել աշխատել»: «Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար»,- գրել էր գործող նախագահը:
Այստեղ նամակագրությունը Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև ընդհատվեց: Փոխարենը Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց ասուլիսներում պնդել իր պահանջները, ու նրան այս անգամ պատասխանեց ոչ թե նախագահը, այլ նրա մամուլի խոսնակը: Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ «նախագահի՝ մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը և նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում»:
Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես և խոստացել էր, չպատասխանեց հայտարարությանը, որը արված չէր հենց նախագահի կողմից: Միայն հայտարարեց, որ իր առաջարկները ևս ուժի մեջ են, իսկ դրանցից որևէ կետ հանելու դեպքում գործող նախագահը պետք է համարժեքը ավելացնի:
Այսպիսով, կողմերը սկսեցին խոսել վերջնագրերի լեզվով` իրենց համար գծելով զիջումների նվազագույն շեմը: Թե ուր կտանի այս դիրքորոշումը, ցույց կտա ժամանակը: ՀՀԿ ԳՄ նիստում ներքաղաքական խնդիրներին, իհարկե, կանդրադառնան: Իսկ թե ինպիսի բովանդակություն կունենա հաջորդ հայտարարությունը կամ նամակը, դժվար չէ ենթադրել: Տպավորություն է, որ կողմերը կամ գոնե կողմերից մեկը միայն այսպես ասած բանակցությունները ձգելու և մինչև ապրիլի 9-ը մնացած ժամանակը հանգիստ, առանց ավելորդ հուզումների և միջադեպերի սպառելու նպատակն ունի միայն: Մինչև ապրիլի 9 մնում է 12 օր: Սպասենք, կտեսնենք:





