Հայաստանի ճարտարապետների միության խնդիրն է բարձրաձայնել Երևան քաղաքում սխալ լուծվող խնդիրներին վերաբերող հարցեր: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու բարձրաձայնել, որ երկար տարիներ անարդյունավետ կերպով զբաղեցվել են մայրաքաղաքի բոլոր ազատ տարածքները, որոնք հաճելի հանգստի վայրեր էին բնակիչների համար:
«Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հետևել քաղաքաշինական օրենքներին, սակայն դրանք շատ հաճախ անտեսվում են անօրինական շինարարություն կազմակերպող որոշ մարդկանց կողմից»,- ասել է Մ.Մինասյանն ու խոսել Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին.
«Ապօրինի շինարարությունն այդ տարածքում փաստացի շարունակվում է, սեփականատերն ուշադրություն չի դարձնում նույնիսկ համապատասխան մարմինների որոշումներին: Նման իրավիճակներ են ստեղծված նաև քաղաքի այլ վայրերում»:
Ճարտարապետների միության նախագահը վստահ է՝ կան ուժեր, որոնք օրենքից վեր են կանգնած և դա գիտակցելը շատ ցավալի է:





