Քաղաքականությունը երկխոսություն է, իսկ մնացած բոլոր ակցիաները ապաքաղաքական միջոցառումներ են, կարծում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց` քանի որ «Ժառանգությունը» ընդդիմադիր դաշտում է, ապա պետք է լինի սուր երկխոսություն, պետք է լինեն միայն փոխադարձ զիջումներ, իսկ երբ դա միակողմանի է, ապա կուսակցությունը պարտվում է: «Պարտություն` նշանակում է հրաժարականների շարք և հեռացում, որովհետև պարտությունը քաղաքականության մեջ մեկ անգամ է լինում»,- ասաց նա:
Ըստ նախկին պատգամավորի` քանի որ իշխանությունը ցանկանում է լիցքաթափել ստեղծված իրավիճակը` Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում են դառնալ իշխանության մի մաս: «Ես սրա կողմնակից եմ, եթե նրանք նույն ծրագրերն ունեն, այսիքն` եթե Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է իշխանության մի մասը, ապա հարկավոր է, որ նա ընդունի, իր կադրերով իրականացնի ծրագրերը: Լավ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, որոնք երիտասարդներ են անփորձ, պաշտոններ ստանան և փորձ ձեռք բերեն»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա էր նաև Գերագույն խորհրդի և ԱԺ երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը, ով կարծում է, որ ստեղծված իրավիճակից մի լուծում կա` դա երկխոսությունն է, եթե նույնիսկ անպտուղ է, միևնույն է այդ կերպ հնարավոր կլինի խուսափել մարտի 1-երից, հոկտեմբերի 27-երից: Ըստ նրա` եթե ընտրությունով իշխանություն չի փոխվում, հացադուլով էլ չի փոխվի: «Ես չէի ուզենա, որ Րաֆֆին լրացներ այն գործիչների շարքը, որոնց ես անվանում եմ հավատի գողեր, հայրենիք խլողներ: Իշխանությունն այս տարիների ընթացքում հուսադրող հայտարարություններ է արել ու դրանց հետևել են հուսախաբումներ: Եվ ոչ մեկը չհարցրեց՝ այդ հինգ տարում խոստացածը ինչո՞ւ չարվեց: Երբ այդ հույսերը խաբվում են, ամեն ինչ արվում է, որ պետությունը դառնա տարածք: Իսկ երբ դառնում է տարածք` գործում է խոպանի տրամադրությունը»,- ասաց նախկին պատգամավորը: Աղասի Արշակյանը կարծում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է ամեն ինչ անեն, որ այդ տարածքը վերածվի հայրենիքի, իսկ դրա առաջին պայմանը արդարությունն է, ոչ թե խլոցին:





