Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզոն չի հայտարարել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Եվրահանձնաժողովի մամլո քարտուղարի տեղակալ Լեոնոր Ռիբեյրո դա Սիլվան: Նրա խոսքերով, լրատվությունն Եվրահանձնաժողովի նախագահի նման հայտարարության մասին չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ ավելի վաղ PanARMENIAN.Net-ը հաղորդագրություն էր հրապարակել, որի աղբյուրը թուրքական «Հյուրիեթ» թերթն էր, ըստ որի Ժոզե-Մանուել Բարոզոն, հանդես գալով Հարվարդի համալսարանում, հայտարարել էր.«Մենք պետք է ընդունենք, որ Թուրքիան շատ կարեւոր երկիր է եւ մեծ ներուժ ունի Եվրոպայի սոցիալ-տնտեսական ապագայի տեսակետից: Սակայն քրդական խնդիրը եւ ազգային փոքրամասնությունների խնդիրը շատ նուրբ հարցեր են Թուրքիայի համար: Թուրքիայի ազգային փոքրամասնությունները բախվում են մարդու իրավունքների խախտման հետ»: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` Ժոզե-Մանուել Բարոզոն, ըստ թուրքական թերթի, հայտարարել էր, որ Անկարան զարգացնում է հարաբերությունները Հունաստանի հետ եւ նույնը պետք է անի Հայաստանի պարագայում: «Թուրքերը պետք է ընդունեն Հայոց ցեղասպանության իրողությունը: Օրհան Փամուկի դեպքը անընդունելի է խոսքի ազատության տեսակետից: Թուրքիան պետք է հրաժաշրվի հայկական հարցի հանդեպ պարզունակ մոտեցումից: «Ցեղասպանություն չի եղել» բառերը դուր չեն գալիս եվրոպացիներին: Անկարայի կողմից լավագույն քայլը կլինի Հայաստանի հետ սահմանի բացումը եւ առեւտրային ու դիվանագիտական հարբերությունների հաստատումը Հայաստանի հետ»:





