AM
28 Մարտ 2013 - 12:43 AMT

Քաղաքագետ Ս. Սուրենյանցի նկատմամբ դադարեցվել է հետախուզումն ու կարճվել է քրգործը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարաննը, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր դադարեցրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ հետախուզումը և կարճել է քրեական գործը:

Մինչ այդ, մեղադրողը փոփոխել էր Սուրեն Սուրենյանցին ՀՀ քրեական օրենսգքրի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը` նրան առաջադրելով նոր մեղադրանք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

ՀՀ ԿԱ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում քննված քրեական գործի շրջանակներում Ս.Սուրենյանցին մեղադրանք էր առաջադրվել` 2011թ. մայիս-օգոստոս ամիսներին խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով, վերջինիս դստերը աշխատանքի տեղավորելու, լրագրողական դասընթացների համար Ֆրանսիա ուղարկելու պատրվակով, ինչպես նաև բիզնեսով զբաղվելու համար ընդհանուր 508 000 դրամ գումար վերցնելու եւ դրան խարդախությամբ տիրանալու համար:

Գործի կարճելը դատարանը հիմնավորել է նրանով, որ Սուրենյանցը և տուժողը միմյանց հետ խնդիրներ չունեն և հաշտվել են, իսկ դատաքննության ընթացքում Սուրենյանցը տուժող Գրիգոր Ղասաբյանից վերցրած 508.000 դրամ գումարը հետ է վերադարձրել: Սուրենյանցը իր խոսքում ընդգծել է, որ ի սկզբանե դիտավորություն չի եղել հափշտակություն կատարելու և տուժող Ղասաբյանից այդ գումարը պարտքով է վերցրել: