AM
28 Հոկտեմբեր 2005 - 11:11 AMT

ԱՄՆ կոնգրեսականները երախտագիտություն են հայտնել Հայաստանին հակաահաբեկչական կոալիցիային աջակցելու համար

ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 26-ին Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում հանդիպում է ունեցել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար կազմի հետ` կոալիցիոն ուժերի համադրման կենտրոնի տնօրեն, գեներալ-մայոր Գերալդ Մինեթիի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Սերժ Սարգսյանը Տամպայում առաջին ձեռքից տեղեկացել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտու իրավիճակին եւ ծրագրվող գործողություններին` Աֆրիկայից մինչեւ Կենտրոնական Ասիա: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Իրաքում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ ստորաբաժանման ծառայությանը:

Սերժ Սարգսյանը հրամանատարության ղեկավարության հետ այցելել է միջազգային կոալիցիոն ավան, որում տեղակայված են հակաահաբեկչական պայքարում միավորված երկրների ներկայացուցչությունները, այդ թվում` Հայաստանի: Գեներալ-մայոր Գերալդ Մինեթին, մասնավորապես, նշել է. «Հայ-ամերիկյան համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Վերջերս եղա Իրաքում, այցելեցի 46 հոգուց բաղկացած հայկական զորախումբը: Պետք է ասեմ, որ բավականին տպավորված եմ նրանց կատարած ծառայությունից եւ հույս ունեմ, որ հետագայում եւս երկկողմ համագործակցությունը կշարունակվի»: Նախարար Սերժ Սարգսյանը հուսադրող է համարել այն, որ Կենտրոնական հրամանատարությունում բավականին լավ կարծիք ունեն հայ խաղաղապահների մասին: Նա նշել է, որ մեկուկես-երկու ամսից հետո, ՀՀ ԱԺ-ի կողմից հավանություն տրվելու դեպքում, տեղի կունենա հերթափոխ, եւ հայկական զորախումբը կշարունակի Իրաքում կատարել իր պարտավորությունները:

Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն, ուր հանդիպումներ է ունեցել Սենատի մեծամասնության` Հանրապետական խմբակցության պատասխանատու Միչ Մաքքոնելի եւ 148 հայամետ կոնգրեսականներից կազմված հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի ու Ջոզեֆ Նոլենբերգի հետ: ԱՄՆ օրենսդիրները շնորհակալություն են հայտնել Հայաստանին` հակաահաբեկչական կոալիցիային շարունակաբար օժանդակելու համար: