«Մենք չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ դա մեր կողմից փոխզիջում է»,-հայտարարել է Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` պատասխանելով Թուրք-ամերիկյան ասոցիացիայի ներկայացուցչի այն հարցին, թե ինչպե՞ս աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը, եթե Հայաստանն ինքը դա չի անում: Այդ մասին PanARAMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ փոխզիջում է նաեւ այն, որ այժմ Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է Լեռնային Ղարաբաղի տարածքում կրկնակի, այսինք երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելուն: «Բոլորս շատ հստակ գիտենք, որ անկախությունը շատ դժվար ու տառապալի ճանապարհ է, եւ այդ ճանապարհով ղարաբաղցիներն անցնում են արժանապատվորեն: Եւ, ի վերջո, եթե Ղարաբաղին որեւէ մեկը չի ճանաչել, ինչո՞ւ ստեղծվեց Մինսկի խումբը, ինչո՞ւ այդ խնդրով զբաղվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչո՞ւ աշխարհի ժողովրդավարական կառույցները մշտապես հայտարարում են, որ Ղարաբաղի հակամարտությունն էականորեն տարբերվում է Օսեթիայի, Աբխազիայի եւ այլ կոնֆլիկտներից»,-ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը:





