Մեկ տարվա ընթացքում Պաշտպանը և իր աշխատակազմը իրավական ծառայություն են մատուցել 7395 մարդու: Պաշտպանի իրավասություններին վերաբերող 999 բողոքների ուսումնասիրության արդյունքում վերականգնվել են 557 անձանց խախտված իրավունքները: 2011 թվականի համեմատ Պաշտպանի աշխատակազմի կողմից վարույթ ընդունած գործերի ընդհանուր թիվը 2012 թվականին աճել է 39%-ով, իսկ դրական լուծում ստացած գործերի թիվն աճել է 38%-ով: 2012 թվականին պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման մասին 31 որոշում է կայացվել: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են նաև, որ Պաշտպանի թեժ գծի ծառայությունը շուրջօրյա է և տրամադրում է քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում Պաշտպանի ներկայացուցիչները արագ արձագանքմամբ այցելում են դեպքի վայր և օգնում տեղում: 2012 թվականին թեժ գիծն ընդունել է 1219 ահազանգ: Արագ արձագանքումը հիմնականում իրականացվել է, երբ անձն անհիմն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից կամ ենթարկվել է բռնության: Արագ արձագանքմամբ քաղաքացիներին աջակցություն է տրամադրվել նաև հավաքների և այլ զանգվածային միջոցառումների ընթացքում, ոստիկանության հետ ծագած խնդիրների պարագայում: Ընդհանուր առմամբ իրականացվել է 145 արագ արձագանքում:





