AM
29 Մարտ 2013 - 07:56 AMT

Թեղուտցիներ. Եղիա Ներսիսյանի նկատմամբ իրականացվող դատական հետապնդումը ահաբեկչություն է

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի նկատմամբ իրականացվող դատական հետապնդումը որպես ահաբեկչություն է որակել:

Նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Օտար կապիտալի ազդեցությունը Հայաստանում հասել է այն աստիճանի, որ Համաշխարհային բանկն արդեն բացահայտ միջամտում է Հայաստանի ինքնիշխանության հիմնասյուներից մեկի՝ օրենսդիր գործունեության իրականացմանը՝ իր ֆինանսական շահերից բխող կամքը թելադրելով ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքի մշակման ընթացքում:

Մեզ պատկանող հարստության բացահայտ թալանի դեմ մարդկանց բողոքի ձայնը լռեցնելու համար օտար ընկերությունները որդեգրել են «օրինականացված ահաբեկության» լկտի եղանակ. դատական հետապնդման սպառնալիքի տակ ստիպել, որ հանրության ակտիվ հատվածը այդ ընկերություններում աշխատողների պես չհամարձակվի արտահայտվել:

Եղիա Ներսիսյանի դեմ իրականացվող հետապնդումը ոչ այլ ինչ է, քան կանադական ընկերության կողմից իրականացվող ահաբեկչական գործողություն՝ փաթեթավորված օրենքով նախատեսված եզրույթներով: Այս դեպքից հետևում է, որ մեր ընդերքը շահագործող մասնավոր ընկերությունների հետապնդումներից խուսափելու համար անհետաձգելի առաջնահերթություն է բնական պաշարների ազգայնականացման հարցը:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու օտար շահագործողներից մեկի՝ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության թողած ողջ «աղբը» բացահայտելու և նրա դեմ իրավական գործընթաց սկսելու համար»: