Երեւանում անցնում են տոնական միջոցառումներ, նվիրված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 15-ամյակին: Տոնակատարությունների շրջանակում նոյեմբերի 1-ին բացվել է «Խորհրդարանի եւ պարլամենտարիզմի զարգացման հեռանկարները ժողովրդավարության պայմաններում» խորագրով միջազգային համաժողովը: Ողջույնի ուղերձով համաժողովի մասնակիցներին է դիմել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա մասնավորապես նշել է, որ խորհրդարանների մասնակցությունը արդի գլոբալ հարցերի լուծմանը ժամանակի պահանջն է: «Ուժեղ խորհրդարանը մեծ դեր է կատարում ժողովրդավարության զարգացման գործում: Խորհրդարանի լիազորությունները անհրաժեշտ է ամրագրել օրենսդրորեն, քանի որ դա հասարակությանը ամենամոտ ինստիտուտն է»,-հայտարարել է Հայաստանի ԱԺ խոսնակը: Նրա խոսքերով, ժողովրդավարության զարգացումը Հայաստանի առջեւ կանգնած ներքին մարտահրավերներից մեկն է, եւ երկրի խորհրդարանը ի վիճակի է ձեւավորել գործուն ժողովրդավարական համակարգ: «Ինչ վերաբերվում է սահմանադրական փոփոխություններին Հայաստանում, ապա դրանք ուղղված են իշխանության ապակենտրոնացմանը, անկախ դատական համակարգի, ազատ շուկայի ստեղծմանը, մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը եւ ուժեղ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը»,-նշել է Բաղդասարյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի Սահմանադրության բարեփոխումը Եվրոպայի Խորհրդի պահանջներից մեկն է, որի իրագործման արդյունքում կավելանա խորհրդարանի դերակատարությունը, որը «շատ կարեւոր է ժողովրդավարական տեսակետից»: «Որքան ուժեղ է խորհրդարանը` այնքան ամուր է ժողովրդավարությունը»,-գտնում է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





