Իշխանությունը չեն կիսում ժողովրդի հետ. կամ իշխանությունը տալիս են ժողովրդին, կամ օտարում նրանից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն` անդրադառնալով իշխանությունը ժողովրդի հետ կիսելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներին:
«Եթե քո դիմացինը ավազակ է, նա գողացել է ինչ-որ բան, ոնց կարող է նա իր գողացածը կիսել ժողովրդի հետ, գողն իր ավարը կկիսի՞ մեկ այլ գողի հետ: Նման դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնա թավշյա հեղափոխության ճանապարհով»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Ըստ նրա` շարժումը, երբ թեքվեց դեպի իշխանություն, ոգևորությունը սկսեց նվազել, քանի որ իշխանությունը և հրապարակը անհարիր են իրար: «Երբ շարժումը գնում է սակարկության դաշտ, որը եղավ նաև ՀԱԿ-ի պարագայում, կարծես թե ժողովուրդը հիասթափվում է: Սա օրինաչափություն է»,- ասաց քաղաքագետն ու ավելացրեց, որ ընտրություններից հետո հրապարակում ստեղծված մթնոլորտը պարպվեց, քանի որ հացադուլի շուրջ գործընթացներ սկսվեցին, որոնք կասկածելի թվացին մարդկանց: Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հակասական ինքնագնահատականներ հնչեցրեց` ասելով, որ ինքը Ազատության հրապարակում 21 օր ծոմ էր պահում, իսկ դրանից առաջ էլ ասել էր, որ հացադուլ է անում: «Նա սրբագրումներ է մտցնում իր մարտավարության մեջ»,- ասաց քաղաքագետը:





