Այսօր՝ ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 VS 120 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ` 35-ամյա Միքայել Կարախանյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր` 26-ամյա Արթուր Գրիգորյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:
Դեպքի մասին տեղյակ են պահվել շտապօգնության և ոստիկանության հերթապահները: Ըստ բժիշկների՝ Մ.Կարախանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա.Գրիգորյանինը` բավարար:





