ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի և նրա դեմ մահափորձ իրականացնելու համար մեղադրյալների միջև տեղի ունեցած առերեսման լուրը հաստատել կամ հերքել չկարողացան ոչ ԱԻՄ առաջնորդի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ոչ ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասացին, որ գործը գտնվում է նախաքննության փուլում և իրենք իրավասու չեն որևէ տեղեկություն հայտնել:
Ըստ «Հրապարակ» օրաթերթի ունեցած տեղեկությունների` մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի և նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջև: «Երբ Հայրիկյանը պաթետիկ ոճով հայտարարել է՝ դուք ուզում էիք ինձ սպանել, մեղադրյալներից մեկը մոտավորապես ասել է. «Ինչ սպանել, ինչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք»: Այս անձինք լիովին ու միանգամից ընդունել են իրենց մեղքը և բազում ապացույցներով հաստատել դա: Այնպես որ, մահափորձն իրականացնողների հետ կապված կասկածները բացարձակապես ոչ մի հիմք չունեն»,- գրում է թերթը:
Ավելացնենք, որ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվում է մեկ այլ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա այս պահին գտնվում է կալանքի տակ:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԻՄ առաջնորդը անրակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:





