Պռոշյանի գյուղապետարանի դիմաց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դիակի հայտնաբերման դեպքի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Դիակը հայտնաբերվել է առավոտյան 9.00-ի սահմաններում, աջ քունքի շրջանում առկա է հրազենային վնասվածք, տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:





