Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Հայաստանի եւ Բելգիայի միջեւ երկկողմ շփումների աշխուժացման, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում հայ եւ բելգիացի խորհրդարանականների համագործակության կապակցությամբ: Կողմերն անդրադարձան ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես Հայաստանի հետ համագործակցության կառուցման ընթացքին, ԵՄ-Թուրքիա անդամակցության բանակցությունների լույսի ներքո հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում Բելգիայի գալիք նախագահությանը` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ դրական միտումները: Այդ կապակցությամբ նախարարը Անն-Մարի Լիզինին ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կյարգավորման շուրջ վերջին զարգացումները: Այնուհետեւ մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:





