AM
2 Ապրիլ 2013 - 10:22 AMT

Խոսրով Հարությունյան. Ընդդիմության և իշխանության բանակցային օրակարգը սպառված չէ

Ընդդիմությունը և քաղաքական մեծամասնությունը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ, իսկ հասարակության առջև ծառացած խնդիրները լուծելու տեսանկյունից պատասխանատվություն պետք է կրի նաև ընդդիմությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը և նկատեց, որ ընդդիմության և իշխանության բանակցային օրակարգը սպառված չէ, այն մինչև վերջ դեռևս չի ձևավորվել:

«Սերժ Սարգսյանը հրավիրել է Րաֆֆի Հովհաննիսյանին նստել բանակցային սեղանի շուրջ և այժմ գնդակը գտնվում է Րաֆֆի Հովհաննիսյանի դաշտում»,- ասաց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ իր համար մի քիչ անսպասելի էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մեծ պահքի կապակցությամբ որոշեց ծոմ պահել: «Իսկ ես կարծում էի, որ նրա հացադուլը քաղաքական ակցիա էր: Հացադուլը քաղաքական զարգացումների տեսանկյունից ավելի տպավորիչ կլիներ, եթե Րաֆֆին չհայտարարեր, որ ինքը ծոմ է պահել»,- ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ պետք է ստեղծել այնպիսի քաղաքական համակարգ, որի աշխատանքը կախված չլինի պաշտոնյաների անձերից և համակարգում լինեն պատասխանատու մարդիկ: