AM
2 Ապրիլ 2013 - 13:59 AMT

Պ.Հայրիկյան. Շուտով ցույցեր են լինելու «Ազատություն մարդասպաններին», «Մահ Հայրիկյանին» պաստառներով

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում շարունակում է քննարկել իր դեմ կատարված մահափորձի թեման:

ԱԻՄ առաջնորդը գրում է, որ որոշ ուժեր կամ շրջանակներ հետևողականորեն աշխատում են այն ուղղությամբ, որ Հայրիկյանի նկատմամբ մահափորձն ընկալվի որպես մի սովորական, առօրեական միջադեպ։ «Դա նախագահական ընտրությունների հետ կապված հասկանալի էր և ես առանձնապես չէի անդրադառնում ամոթալի դրսևորմանը, որովհետև խղճալով հասկանում էի, որ այս ընտրությունների հետ հույսեր կապողները չեն ուզում արմատապես արժեզրկված տեսնել դրանք։ Չէ՞ որ 100 տարի հետո էլ անաչառ գնահատականը նույնն է լինելու…

Հիմա Հայաստանի որոշ լրատվամիջոցներ միտումնավոր կամ առանց խորանալու շարունակում են ծառայել ծանր հանցագործությունն էժանացնելու դավադիր մտայնության տարածմանը։ Եթե նրանք դա անում են չխորանալով, պետք է հուշել, որ զգաստանան։ Եթե պատվեր են կատարում, պետք է պարզապես արձանագրել այդ իրողությունը (մեկ է, այդ ուղտը շուտով իրենց տան դռանն է կանգնելու)։ Այդ անմակարդակները գրում են.- «Երբ Հայրիկյանը պաթետիկ ոճով հայտարարել է…»։ Երևակայությունց զուրկ խեղճություններ, դրանց կարծիքով ես ինձ Ազատության հրապարակու՞մ պիտի զգայի այդ խեղճացած, ներողություն խնդրող վարձու մարդասպանների ներկայութեամբ ու պիտի հռետորական կեցվածք ընդունեի։ Հետաքրքրական է, նաև անմակարդակների հնարած պատասխանը.-«…այ մարդ… մենք ուզում էինք քեզ վախեցնել…»: Այսինքն՝ դեռ ես էի մեղավոր, որ ինքնապաշտպանվել էի ու կասածյալներն էլ արհամարհանքով էին խոսում ինձ հետ…

Մարդիկ, ես սովոր եմ, շատ եմ տեսել այսպիսի այլանդակություններ։ Իմ մասին մի մտածեք, ինքներդ էլ մի հուզվեք։ Իմացեք, սպանության ուղղակի ու անուղղակի պատվիրատուները ժամանակի ընթացքում նաև մարդասպանների փաստաբան են դառնում։