AM
2 Ապրիլ 2013 - 14:18 AMT

Պռոշյանի գյուղապետի գլխից կրակված փամփուշտի գնդակի բեկորներ են հանել

Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հագուստի վրա հնարավոր կրակոցի հետքեր, արգասիքներ, մանրաթելեր, քաշքշուկի հետքեր հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաքիմիական, դատաձգաբանական, դատահետքաբանական և միկրոմասնիկային համալիր փորձաքննություն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից և տեղեկացնում, որ հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:

Ոստիկանությունից նաև հայտնում են, որ դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնք ուղարկվել են դատակենսաբանական փորձաքննության: Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում Հրաչ Մուրադյանի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ: Գնդակի տեսակը, տրամաչափը, ինչպես նաև կրակող հրազենը հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Սպանության գործի հետագա նախաքննությունը կիրականացնի ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:

Ավելացնենք, որ այսօր, ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Հրաչ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային վնասվածքից:

Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: