AM
4 Ապրիլ 2013 - 06:13 AMT

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանի դին հայտնաբերվել էր Պռոշյանի գյուղապետարանի մոտ: Գյուղապետը մահացել էր քունքին ստացած հրազենային վնասվածքից:

Հավելենք նաև, որ «Հրապարակ» օրաթերթն այսօրվ ահամարում գրել էր, որ սպանության գործով հիմնական կասկածյալը գյուղապետի ընտրություններում հանգուցյալի մրցակից ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանը թերթի հետ զրույցում այս տվյալը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր` հիշեցնելով, որ իրենց կայքում պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում այս գործի վերաբերյալ:

«Երկու Մուրադյանների միջև վաղեմի թշնամություն կար, և ընտրություններից հետո նույնիսկ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ դաշնակցական գյուղապետին խփել են հենց գյուղապետարանի դիմաց: Եվ միակ հետքը, որի մասին խոսվում է` սպիտակ «Նիվան» է, որն ինչ-որ մեկը նկատել է սպանությունից անմիջապես հետո: Կրակոցը եղել է դիպուկ, ըստ ամենայնի` դիպուկահարի ձեռքից, քանի որ մահը վրա է հասել վայրկենական»,- գրել է թերթը: