Ազգային գրադարանում ատկատների գործով կալանավորված Քաղաքաշինության նախարարության Շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը պետք է ազատ արձակվի, մինչդեռ կալանքի ժամկետն անընդհատ երկարաձգվում է, քանի որ չեն կարողանում գործը դատարան ուղարկելու համար փաստարկներ հավաքել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշել է Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ու ավելացրել, որ իրավապահ մարմինները հույս ունեն գործը ձգձգելով հասնել նրան, որ իր պաշտպանյալն ասի. «Ի՞նչ պետք է ստորագրեմ, բերք ստորագրեմ»:
«Մեղադրանքը ներկայացվել է մի մարդու, ով ընդհանրապես կապ չունի դրա հետ: Գործով մի քանի հոգի են մեղադրվում, որոնցից միակ չինովնիկը` երևացողը, կալանավորված է, իսկ իրական մեղավորներն ազատության մեջ են»,- ասել է Ալեքսանդր Սիրունյանը: Նրա խոսքով իր պաշտպանյալը ձերբակալվել է, քանի որ իրական մեղավորը մահացած էր:





