AM
4 Ապրիլ 2013 - 12:05 AMT

Գորիսի բնակչուհին սուտ մատնության համար ազատազրկման է դատապարտվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել սուտ մատնություն կատարելու համար Գորիս քաղաքի բնակչուհի Ա.Առաքելյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Դատարանում հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա.Առաքելյանը, համաքաղաքացիներ Մ.Միրզոյանի և Դ.Հայրապետյանի հետ իր կամքով գնացել է սրճարան, որից հետո, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ոստիկանության Գորիսի բաժնում գրավոր հաղորդում տալու եղանակով կատարել է սուտ մատնություն` իբր Մ.Միրզոյանը և Դ.Հայրապետյանն իրեն առեւանգել են և պահել անազատության մեջ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 22.03.2013թ. դատավճռով Ա.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` մեկ տարի ժամկետով:

Գլխավոր դատախազությունից պարզաբանում են, որ հանցագործության մասին սուտ մատնությունը համարվում է հանցագործություն, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն:

1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը`

1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,

2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,

3) կատարվել է շահադիտական դրդումներով`պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: