Դամասկոսի կենտրոնական շրջաններում բավականին լուրջ բախումներ են տեղի ունենում ու տարբեր տեղեկություններով այդ մարտական գործողություններին ընդդիմադիրների շարքում 5000 ռուսախոս գրոհային է մասնակցում: Նրանց մեջ նաև մի քանի հարյուր ադրբեջանցի կա: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է արաբագետ Արմեն Պետրոսյանն ու ավելացրել. «Այս գրոհայինների մեծ մասը Սիրիա են ներթափանցում Թուրքիայից: Բնականաբար պետք է նշել, որ այսօր գործում են ցանցային հստակ համակարգված կառույցներ, որոնք հավաքագրում են սիրիական հակամարտությանը մասնակցել ցանկացող անձանց»:
Արաբագետի խոսքով վերջին 1 ամսվա ընթացքում տեղի են ունեցել իրադարձություններ, գործընթացներ, որոնք սիրիական հակամարտությունը տեղափոխել են որակապես նոր փուլ: Նա նշել է այդ իրադարձությունները`Թուրքիայի տարածքում անցումային կառավարության ստեղծումն ընդդիմության կողմից, որի ղեկավար է ընտրվել ԱՄՆ-ի քաղաքացի ազգությամբ քուրդ Ղասան Իդուն, ապա Հալեպի հյուսիսային բնակավայրերից մեկում հնարավոր քիմիական զենքի օգտագործումը ապստամբների կողմից, Իսրայելի և Թուրքիայի վարչապետների հեռախոսազրույցը և արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը, որտեղ Սիրիային պատկանող տեղը հանձնվել է ընդդիմությանը: «Այս բոլոր գործընթացները կապելով իրար կարելի է փաստել, որ հակամարտությունը թևակոխում է նոր փուլ: Ճգնաժամը թե ռազմական, թե քարոզչական, թե դիվանագիտական առումով օրեցօր ավելի է խորանում »,- եզրակացրել է արաբագետը:
Սիրիայում հայկական փոքրամասնության մասին նա նշել է, որ մինչ օրս էթնիկ կամ կրոնական պատճառներով որևէ հարձակում, որևէ ընդգծված գործողություն տեղի չի ունեցել:





