Եթե երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հագանքի և միմյանց շահերը հաշվի առնելու վրա, ապա այդ հարաբերությունները երբեք չեն կարող լինել որևէ երրորդ երկրի դեմ ուղղված, ասում է Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ Իրանը ցանկանում է, որ աշխարհում իշխի արդարությունը, հարգվեն երկրների իրավունքները, անկախությունը, արժեքները, մշակույթը և այլն:
«Քանի դեռ Իրանի և որևէ երկրի միջև հարաբերությունները բարեկամական են, և մի շարք այլ երկրների հետ այդ երկրի հարաբերությունները մեր երկրի դեմ չեն, վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ թշնամական չի դառնում, մենք երբևիցե մեր բարեկամական վերաբերմունքը տվյալ երկրի նկատմամբ չենք փոխի»,- ասաց Ռամին Մեհմանփարաստը:
Ըստ նրա`եթե մի շարք արևմտյան երկրներ մաքսիմալիստական ցանկություններ չունենան և բավարարվեն իրենց ունեցածով, շատ ավելի լավ աշխարհ կունենանք: «Կկարողանանք աշխարհի բոլոր երկրների հետ ունենալ լավ հարաբերություններ և զարգացնել դրանք»,- ասաց Իրանի արտգործնախարարության խոսնակը:
ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը Երևան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ և սփյուռքի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Հրանուշ Հակոբյանի և ԱԳ փոխնարար Շավարշ Քոչարյանի հետ, այցելել Երևանի պետական համալսարան և Գիտությունների ազգային ակադեմիա:





