Այս տարի մայրաքաղաքում նախատեսվում է 2 խոշոր անտառ-պուրակային տարածք ստեղծել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանն ու մանրամասնեց, որ Եռաբլուրի ոռոգման ցանցի շինարարությունն արդեն ավարտվել է, իսկ Փարոսի բլուրի առանձին ոռոգման ցանցի ստեղծումն ընթացքի մեջ է:
«Նախկինում անտառապատ այդ տարածքներում ապրիլի 14-ից սկսած ծառատնկում կիրականացվի ու կվերականգնվի անտառ-պուրակային տարածքը», – ասաց փոխքաղաքապետը:
Դեռ փետրվարին փոխքաղաքապետը տեղեկացրել էր, որ մայրաքաղաքի բոլոր վարչաան շրջաններում կանաչապատ գոտիներում նոր ծառատեսակներ են տնկվելու` հիմնականում գնդաձև ակացիաներ/ Հանրապետության հրապարակի ծառերից/: Այսօր փոխքաղաքապետն արդեն հայտնեց, որ ակացիաները, 2500 հատ, արդեն ներկրվել են:
Կամո Արեյյանը նշեց, որ ծառատնկման աշխատանքներից բացի մայրաքաղաքում 12 հա-ով ավելանալու են սիզամարգերը և 1.5 հա-ով` ծաղկապատ տարածքները: Արդեն ներկրվել է 1.200.000 ծաղկասածիլ, իսկ ևս 2 մլն քաղաքապետարանի ունեցած ռեսուրսների հաշվին կլինի. քաղաքապետարանի ենթակայության տակ 6000 քառ. մետր ջերմոցային տնտեսություն կա:





